ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով

Քաղաքականություն

05.09.2026 | 17:59

ԱՄՆ իշխանությունները մոտ 50 զինվորական և քաղաքացիական աշխատակիցների ստի դետեկտորով ստուգել են՝ կապված ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկությունների արտահոսքի հետ, հայտնում է The New York Times-ը։

Քննիչները Միացյալ շտաբների պետերի կոմիտեի զինվորական և քաղաքացիական աշխատակիցներին հարցրել են՝ արդյոք նրանք մամուլին փոխանցել են գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինամթերքի պաշարների կրճատման վերաբերյալ։

Ստուգումներն անցկացվել են օգոստոսին՝ մի շարք հրապարակումներից հետո, որոնցում հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ հանգեցրել է կարևոր զինամթերքի, այդ թվում՝ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պակասի։

Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ ստուգումների նպատակը միայն գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար պատասխանատուներին հայտնաբերելը չէր․ դրանք կարող էին նաև վախեցնելու նպատակ ունենալ և կանխել մյուս աշխատակիցների կողմից նման տեղեկությունների փոխանցումը։

Պենտագոնը հայտարարել է, որ ներքին հետաքննությունները չի մեկնաբանում, սակայն «ծայրահեղ լրջությամբ է վերաբերվում գաղտնի տեղեկատվության բոլոր արտահոսքերին»։

The New York Times-ը նշում է, որ ստուգումների մասշտաբն աննախադեպ է․ ԱՄՆ-ի ժամանակակից պատմության ընթացքում բարձրագույն զինվորականների շրջանում նման զանգվածային ստուգումներ ստի դետեկտորով չեն իրականացվել։

ԱՄՆ ԶՈւ Միացյալ շտաբների պետերի կոմիտեում աշխատում է շուրջ 1500-2000 սպա և պաշտոնյա։ Կոմիտեն համակարգում է ԶՈւ հրամանատարությունների հետ ռազմական գործողությունների, ռազմական քաղաքականության և մարտական գործողությունների պլանավորման հարցերը։

Leave a comment