Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան

«Հիդրոօթերևութաբանության և և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը։

Արհեստական բանականության տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ նաև օդերևութաբանության ոլորտում։ Google-ը ներկայացրել է իր նոր՝ WeatherNext 3 գլոբալ եղանակային մոդելը, որը համատեղում է արհեստական բանականության հնարավորությունները և իրական ժամանակում ստացվող արբանյակային դիտարկումները։

WeatherNext 3-ի կարևոր առանձնահատկություններից է կանխատեսումների ժամային թարմացումը։ Մոդելը մշակում է գեոստացիոնար օդերևութաբանական արբանյակներից ստացվող արդիական տվյալները և յուրաքանչյուր ժամ ձևավորում նոր կանխատեսում՝ հնարավորություն տալով առավել արագ արձագանքել մթնոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։

Մոդելը հնարավորություն է տալիս կանխատեսել՝ օմակերևութային մի շարք այլ օդերևութաբանական պարամետրեր՝ շուրջ 10 կմ, մթնոլորտային որոշ պարամետրեր, այդ թվում՝ քամու արագությունը՝ շուրջ 25 կմ լուծաչափով։

Բարձր տարածական լուծաչափն ու տվյալների հաճախակի թարմացումը հատկապես կարևոր են արագ զարգացող եղանակային երևույթների՝ ուժեղ տեղումների, ամպրոպների, փոթորիկների և մթնոլորտային ճակատների զարգացման ընթացքը գնահատելու համար։

Նոր մոդելը կարևոր կիրառություն ունի նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այն կանխատեսում է քամու արագությունը 100 մ բարձրության վրա, ինչպես նաև տրամադրում է ամպամածության և արեգակնային ճառագայթման բարձր լուծաչափով տվյալներ։ Դրանք կարող են օգտագործվել հողմային և արևային էլեկտրակայանների արտադրողականության կանխատեսման համար։

WeatherNext 3-ն արդեն ինտեգրվում է Google-ի մի շարք ծառայություններում՝ եղանակային տեղեկատվությունն առավել օպերատիվ և տեղայնացված դարձնելու նպատակով։

Արհեստական բանականության վրա հիմնված նման մոդելները չեն փոխարինում օդերևութաբանական դիտարկումների համակարգին։ Ընդհակառակը՝ դրանց արդյունավետությունը մեծապես կախված է որակյալ և անընդհատ դիտարկումներից, իսկ ավանդական թվային մոդելների, արբանյակային ու ռադարային տվյալների և AI տեխնոլոգիաների համադրությունը ձևավորում է եղանակի կանխատեսման զարգացման նոր փուլ»:

Leave a comment