ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Turkmen TV-ի «Վատան» լրատվական ծրագրին։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:
Հաղորդվում է, որ առաջնորդների միջև զրույցը տեղի է ունեցել այսօր՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Թուրքմենստանի նախագահը հրավիրել է ՀՀ վարչապետին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։
«Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանը, վայելում է միջազգային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև ասել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա այդ գագաթնաժողովին», – նշված է կայքում:
Երկու երկրների ղեկավարների զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև հայկական կողմը: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
«Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,– նշված է հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքմենստանի նախագահը հրավերը ընդունել է։