«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

41-ամյա Ռուզաննա Տուդոյանն ավելի քան մեկ տարի բանտում պայքարում է քաղցկեղի դեմ։ Երբեմն ստիպված է լինում օրեցօր սաստկացող ցավը հաղթահարելու համար մինչև 10 դեղաչափ ցավազրկող ներարկում ստանալ։

«Էնպես եմ վատանում, աչքերս ամբողջ կարմրում են, արյուն լցվում, ցավից՝ գլխիս մեջ, ծոծրակիս, պարանոցային հատվածում, թոքերիս հետևը, թևիս տակը։ Չգիտեմ՝ ոնց բացատրեմ, անբացատրելի ցավ ա տեղի ունենում, որ անգամ սրսկում են, ոչ մի բան չի օգնում, դեղորայքից ոչ մի փոփոխություն չի լինում։ Շատ ժամանակ ես էլ եմ արդեն ամաչում, որ ասեմ՝ մի հատ ինձ դեղ տվեք, որ խմեմ, կամ սրսկեք, որ հանգիստ լինեմ»,– ասում է Տուդոյանը։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կինը ծանր հիվանդության մասին իմացել է հենց բանտում։ Դեռ 10 ամիս առաջ Factor TV-ն անդրադարձել էր Ռուզաննայի պատմությանը։ Այդ ժամանակ, դեռ երկար ու խիտ մազերով, նա արցունքները հազիվ զսպելով էր պատմում իր ախտորոշման մասին։

«Տարել են Ուռուցքաբանական ազգային կենտրոն։ Էնտեղ անալիզներ հանձնեցինք, պատասխանները եկավ, որ ունեմ վահանաձև գեղձի հետ կապված ուռուցք։ Պետք է քիմիաթերապիա անցնեմ, տարածվել է արդեն»։

Անցած 10 ամիսների ընթացքում Ռուզաննան ստացել է քիմիաթերապիայի 8 և ճառագայթային թերապիայի 15 կուրս։ Դրանց արդյունքում հանգույցները որոշ չափով փոքրացել էին։ Սակայն բուժման կուրսն ավարտելուց հետո, դատապարտյալի խոսքով, ցավերն ավելի են սաստկացել, իսկ քաղցկեղը սկսել է տարածվել։

«Իմ էսքան բուժումները ստանալուց հետո նայել եմ նախկին թղթերի մեջ, բավականին մեծացած ա։ Ասենք՝ պարանոցի հատվածը… էն ժամանակ, որ ես նոր էի գնացել, ձախ կողմիս թևի տակը չկար, հիմա արդեն ձախ կողմիս թևի տակն էլ ա։ Կան բաներ, ուղղակի չեմ ուզում էլի բարձրաձայնեմ, ասեմ… որովայնիս ամբողջ հատվածում կա և ցավեր ունեմ, բայց ձեն չեմ հանում, որովհետև ասենք՝ ինչ ասեմ»,– հուսալքված պատմում էր դատապարտյալը։

Ռուզաննա Տուդոյանն անազատության մեջ է 2023 թվականի մարտից։ Նա մեղադրվում է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեջ։ Գործով նախաքննությունն ու դատաքննությունն ավարտվել են ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, և Ռուզաննան դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Սակայն նա համաձայն չէ ոչ միայն առաջադրված մեղադրանքի, այլև պատժաչափի հետ։ Տուդոյանն ընդունում է, որ ծեծել է տուժողին, սակայն պնդում է, որ ավելին չի արել։

«Ես իմ մեղքը վերցրել եմ, որովհետև ինքը իմ ծնողին է հայհոյանք տվել, որը որ մահացած է։ Ես դա չեմ ների երբեք, ով ուզում է լինի, ասենք… չգիտեմ՝ ոնց բացատրեմ, անբացատրելի բան է։ Հա, ես ծեծել եմ, համաձայն եմ, ծեծել եմ։ Ինքը նույնն է, ինքն էլ ինձ է, բայց ուղղակի ես չեմ բարձրաձայնել՝ չիմանալով, որ իմ դեմ է էդ բոլորը բան լինելու»,– դեռևս նոյեմբերին Factor TV-ին պատմել էր Տուդոյանը։

Ռուզաննային դեռ մոտ կես տարի է անհրաժեշտ, որպեսզի կարողանա դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Սակայն նա համոզված է, որ իր ծանր ախտորոշմամբ այդքան երկար սպասել չի կարողանա։

«Ես անկեղծ եմ ասում՝ ամեն օր քնելուց առաջ Աստված եմ կանչում, ասում եմ՝ Աստված ջան, գոնե առավոտյան լույսը բացվի իմ համար։ Նույնն էլ, լույսը որ բացվում ա, ասում եմ՝ Աստված ջան, շնորհակալ եմ, որ էսօր լույսը բացվեց։ Ոչ մեկը չի հավատում՝ էդ ինչ ցավ ա։ Ոչ մեկիդ չեմ էլ ուզում, որ էդ ցավը հասկանա՝ ինչ ցավ ա»։

Դատապարտյալի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Կառավարության N 825 որոշման համաձայն՝ չարորակ նորագոյացությունների 3-րդ կամ 4-րդ աստիճանի դեպքում դատապարտյալը ենթակա է անհապաղ ազատ արձակման։

Ռուզաննա Տուդոյանի մոտ, սակայն, քաղցկեղն այս պահին գնահատվել է որպես երկրորդ աստիճանի, ինչի հետևանքով նրա դիմումը մերժվել է։ Կինը, սակայն, պնդում է՝ անտանելի ցավերը որևէ աստիճան չեն ճանաչում։

«Գոնե թույլ տվեք ես դուրս գամ, որ ցավ ունենամ՝ վազեմ հիվանդանոց, իմանամ՝ որ մասս ա ցավում, ինչից եղավ, ինչից առաջացավ, ոչ թե էստեղ մնալով, ասենք, ավելի շատ խորացնեմ։ Ինչքան գոռամ ես՝ ցավում ա, ինչքան ասեմ՝ ցավում ա, ում ասեմ՝ ցավում ա»,– հուզմունքը զսպելով ասում էր դատապարտյալը։

Իրավապաշտպան, ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը մատնանշում է դեպքերը, երբ անձը գտնվել է առողջական ծանր վիճակում, սակայն չի ազատվել և չի ստացել պատշաճ բուժում, ինչն, ըստ նրա, ծանր հետևանքներ է ունեցել։

«Մարդուն ազատում են ոչ թե իր առողջությամբ զբաղվելու կամ առողջության վատ վիճակը միգուցե բարելավելու և կյանքը երկարացնելու համար, այլ ուղղակի ազատության մեջ մեռնելու համար։ Եվ դա, որպես այդպիսին, մարդկային և մարդու կյանքին ու առողջությանը միտված գործողություն չէ։ Եվ հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների փուլերը այդքան խստորեն և վերջին փուլում ազատվելու հնարավորություն տալով՝ մենք փաստացի մարդուն ուղարկում ենք ուղղակի ազատության մեջ մեռնելու»,– ասում է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը շեշտում է՝ բանտային պայմաններում դատապարտյալը չի կարող ստանալ այնպիսի պատշաճ բուժում, որը հնարավոր է կազմակերպել ազատության մեջ։

«Քաղցկեղի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ուղղված լինի հենց մարդու առողջացմանը, և այդպիսի խստագույն պահանջներ, որ մի փուլում դնել և հատկապես վերջին փուլում ընդամենը ազատել, որ մարդն արդեն որևէ ելք չունի, քան կյանքին հրաժեշտ տալը, դա մարդկային մոտեցում ուղղակի չէ»։

Ռուզաննայի խոսքով՝ հենց այս անորոշ ապագայի մասին մտքերն են իրեն ամեն օր կոտրում։ Ցավում է ոչ միայն մարմինը։

«Ամեն օր եմ ես արտասվում, ամեն օր եմ լաց լինում։ Ես չեմ… չգիտեմ, ուղղակի զսպեցի ինձ, որպեսզի չլացեմ, բայց չկարողացա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment