Սահակյան․ Արցախի նախկին ղեկավարների արժեքը պատանդային դիվանագիտության տեսանկյունից այլ է

Գերիների ազատ արձակման համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական ուղղակի լուծում, քանի որ նրանց գերեվարումը կապված է հակամարտության հետ, հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ գերեվարված են Արցախի նախկին ղեկավարները՝ «նրանց արժեքը պատանդային դիվանագիտության տեսանկյունից այլ է, այս պայմաններում պետք է նաև ապավինել մարդու իրավունքների իրավական պաշտպանությանը», հայտնում է Panorama.am-ը:

«Գերիների ազատ արձակումը նախ և առաջ ենթադրում է անմիջական քաղաքական լուծում, քանի որ գերեվարումն ինքին կապված է հակամարտության հետ»,- ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ այդ անձանց անազատության մեջ պահելը կապված է հակամարտության հետ, իսկ հակամարտության հանգուցալուծումն ու փակումը պետք է հանգեցնեն անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակմանը և նրանց քաղաքացիության երկիր հայրենադարձմանը։

«Հակամարատության դադարն առաջ է բերում անհապաղ ազատ արձակման պարտականություն։ Սակայն գիտենք, որ գերիների խնդիրը օգտագործվում է պատանդային դիվանագիտության նպատակով, հակամարտության կարգավորման պրոցեսում գործիքայնացվում է որպես լծակ, պարտություն կրած կողմը, հասկանալի է, որ թույլ դիրքերից է հանդես գալիս։ Քաղաքական ճանապարհը կարող է տևական ժամանակ արդյունք չտալ։ Մեր պարագայում ունենք արձանագրում, որ 210 գերի հայրենադարձվել է, մյուս կողմից գիտենք, որ հատուկ հանգամանքների դասավորմամբ, գերեվարվել են Արցախի նախկին ղեկավարները, այդ հարցում ավանդ բերած, մարդասիրական կողմը միջազգայի հանրությանը բարձրաձայնած անձինք, նրանց արժեքը պատանդային դիվանագիտության տեսանկյունից այլ է, այս պայմաններում պետք է նաև ապավինել մարդու իրավունքների իրավական պաշտպանությանը»,- ասել է Սահակյանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment