Երեխայի լավագույն շահը պետք է պատշաճ գնահատվի ազատությունից զրկված ծնողի հետ տեսակցությունների կազմակերպման գործընթացում. ՄԻՊ

Ծնողի հետ կապը պահպանելու և շարունակական շփում ունենալու իրավունքը կարևոր երաշխիք է յուրաքանչյուր երեխայի բնականոն զարգացման և ընտանեկան կապերի պահպանման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման շփումը հակասում է երեխայի լավագույն շահին։ Երեխայի՝ ծնողների հետ անձնական հարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունքը երաշխավորված է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով։

Այդ իրավունքը երաշխավորված է նաև ներպետական օրենսդրությամբ: Այսպես, օրինակ, հիմնական կարգավորումներից են ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված՝ խնամքի հաստատությունում գտնվող երեխայի՝ ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ շփվելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի լավագույն շահերին, ինչպես նաև Քրեակատարողական օրենսգրքով սահմանված՝ ազատությունից զրկված անձի՝ պետական կամ այլ հաստատությունում խնամվող և դաստիարակվող երեխայի հետ տեսակցության իրավունքը, տեսակցությունների նվազագույն պարբերականության և տեսակցությունների իրականացման համար պատասխանատու դերակատարների վերաբերյալ, ինչպես նաև այլ կարգավորումները։

Ընդ որում, ըստ օրենսդրության` պետական կամ այլ հաստատություններում խնամվող և դաստիարակվող երեխայի հետ տեսակցությունից առաջ, անհրաժեշտության դեպքում, դատապարտյալի և նրա երեխայի հետ իրականացվում է նախապատրաստական աշխատանք սոցիալական աշխատողի, հոգեբանի կամ մանկավարժի կողմից:

 Մինչդեռ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման և ստացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ այն դեպքերում, երբ միջազգային և ներպետական չափորոշիչների համաձայն՝ առկա չէ երեխայի հետ շփվելու իրավունքի արգելք կամ սահմանափակում, ազատությունից զրկված անձանց՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների ապահովման գործընթացում արձանագրվում են մի շարք գործնական խնդիրներ:

Առանձին դեպքերում տեսակցության կազմակերպման գործընթացում առաջանում են դժվարություններ՝ կապված երեխայի լավագույն շահի, ծնողի և երեխայի միջև շփման անհրաժեշտության գնահատման, ինչպես նաև, օրինակ, երեխայի խնամք իրականացնող հաստատությունների կողմից այդ առնչությամբ դրսևորվող մոտեցումների հետ։

 Միևնույն ժամանակ, մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նշված խնդիրներն առավել ընդգծված են այն դեպքերում, երբ երեխան գտնվում է երեխայի խնամք իրականացնող ոչ պետական հաստատությունում։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման դեպքերում տեսակցության հարցը լուծելիս առանձնահատուկ կարևորություն պետք է ունենա երեխայի անհատական կարիքների և տվյալ իրավիճակի առանձնահատկությունների պատշաճ գնահատումը, ինչը գործնականում ոչ միշտ է ապահովվում։ Ավելին, ներկայացված դիրքորոշումը հաճախ չի ունենում բավարար հիմնավորումներ:

 Բացի այդ, արձանագրվել է, որ տեսակցության իրականացման վրա ազդում են նաև կազմակերպական բնույթի հանգամանքներ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկի և խնամք իրականացնող հաստատության միջև եղած մեծ հեռավորությունը, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է նույնիսկ տեսակցությունը չապահովելու իրավիճակների։ Որոշ դեպքերում նշված խնդիրը լուծվել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության և իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում։

 Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ իրավասու բոլոր մարմինները արդյունավետ համագործակցությամբ պետք է ձեռնարկեն անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի և ծնողի միջև տեսակցությունների պատշաճ իրականացումը՝ երեխայի լավագույն շահի առաջնահերթության և նրա՝ ծնողի հետ անձնական հարաբերություններ ու անմիջական շփումներ պահպանելու իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու նպատակով:

 Պաշտպանն ընդգծում է, որ այս հարցի առնչությամբ գործնականում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք իրավասու դերակատարների կողմից պետք է ստանան շուտափույթ լուծում:

Leave a comment