ԱՄՆ-ի բանակն անջատել է որոշ բջջային հեռախոսների և համակարգիչների գովազդային նույնականացուցիչներն այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերին հետևելու համար օգտագործվել են առևտրային առումով հասանելի վայրի տվյալներ, գրել է Reuters-ը։
ԱՄՆ Սենատի ռազմական կոմիտեին ուղղված նամակների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը երկու ամիս առաջ անջատել են գովազդային նույնականացուցիչները համակարգիչներում և բջջային սարքերում: ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը, իր հերթին, հայտնել է, որ «վերջերս» անջատել է դրանք Windows սարքերում։
Գործակալության տվյալներով՝ Օրեգոնի դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենը և Հյուսիսային Կարոլինայի հանրապետական ներկայացուցիչ Փեթ Հարիգանն ուրբաթ օրը նամակ են ուղարկել Պենտագոն՝ պահանջելով վերանայել զինծառայողներին աշխարհագրական դիրքի տվյալների առևտրի հետ կապված սպառնալիքներից պաշտպանելու միջոցառումները: Հարիգանը ընդգծել է, որ ԱՄՆ հակառակորդները չպետք է կարողանան ձեռք բերել տվյալներ, որոնք օգնում են հետևել ամերիկացի զինծառայողներին։
Ինչպես նշել է Reuters-ը, բջջային գովազդային նույնականացուցիչները, որոնք հայտնի են նաև որպես MAID-ներ, եզակի կոդեր են, որոնք կարող են օգտագործվել հավելվածներում սեփականատիրոջ գործունեությունը հետևելու և նրանց տեղակայման ֆիզիկական վայրը որոշելու համար: Հուլիսին գործակալությունը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում որոշ ամերիկացի զինվորների կարող է հրամայվել հանձնել իրենց հեռախոսները՝ մտահոգությունների պատճառով, որ նրանց կողմից առցանց հրապարակված տեսանյութերը օգնում են Իրանին ընտրել տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարվածների թիրախներ: