Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Բաժանորդագրվել

Ղևոնդյանը նշել է, որ շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել էր 2 քրեական վարույթներ, որոնց շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տ.Վ.-ի (ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյան` խմբ․) և Ա.Ղ.-ի (քաղաքագետ Ալեն Ղևոնդյան` խմբ․) նկատմամբ։ Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել վարչական հսկողությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 58216526 քրեական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մեղադրյալ Ալեն Գուրգենի Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,– կոմիտեի որոշումը հրապարակել է Ղևոնդյանը:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։

«Շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին: Հատկապես ընկերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ»,– ընդգծել է Ղևոնդյանը:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 10–ին Երևանի պետական համալսարանը չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երկու դասախոսի՝ ք․գ․թ․, դոցենտ Ալեն Ղևոնդյանի և ք․գ․դ․, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի հետ։

Բացի վարչական հսկողությունից, Ղևոնդյանին արգելվել էր հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը։

Leave a comment