Աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հիսնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ազատվելու պարտադիր զինվորական ծառայությունից, եթե առնվազն երեք տարի Հայաստանում աշխատեն սահմանված ոլորտներից որևէ մեկում։
Գործընթացը կարգավորվել է ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Դրա համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում Academic Ranking of World Universities ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հիսնյակում ներառված հաստատություններում բակալավրի՝ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրված, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում առնվազն երեք տարի աշխատելու նպատակով։ Այդ պահանջը կատարելուց հետո քաղաքացին սահմանված ընթացակարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին պետք է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ դրան կցելով պահանջվող փաստաթղթերը։
Որոշմամբ նպատակ է դրվել քաղաքացիներին հնարավորություն տալ կրթություն ստանալու աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում, ապա ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնելու ՀՀ զարգացմանը և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ոլորտներին։
- Հանրային կառավարման ոլորտում աշխատանքը ներառում է ՀՀ նախագահի աշխատակազմը, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, կառավարության, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները, Ազգային ժողովը, դատական իշխանության մարմիններն ու ինքնավար պետական մարմինները։
- Կրթության և գիտության ոլորտում նախատեսվել է աշխատանք Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում։
- Ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքը պետք է իրականացվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069-Ա հրամանով հաստատված կազմակերպություններում։
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի դեպքում խոսքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068-Ա հրամանով հաստատված կազմակերպություններում աշխատանքի մասին է։
- Առողջապահության ոլորտում ներառվել են Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով՝ 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրամանով կատարված փոփոխությամբ, հաստատված կազմակերպությունները։
- Ֆինանսական ոլորտում աշխատանքը նախատեսվել է Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշմամբ հաստատված կազմակերպություններում։