ԱՄՆ-ի խոշորագույն ավտոարտադրողները Կոնգրեսին կոչ են անում ընդմիշտ արգելել չինական միացված ավտոմեքենաների վաճառքը, ներմուծումն ու արտադրությունը, հաղորդում է CNBC-ն։ Երկրում գործող ընկերությունների մեծամասնությունը ներկայացնող Ավտոմոբիլային նորարարությունների դաշինքը խնդրում է համապատասխան օրենքն ընդունել մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ հունվարի 3-ը։
Դաշինքի ղեկավար Ջոն Բոզելան նշել է, որ չինական ընկերություններն ակտիվորեն հեղեղում են համաշխարհային շուկան սուբսիդավորվող ավտոմեքենաներով և կոչ է արել արգելքը մինչև տարեվերջ դարձնել «երկրի օրենք»։
Կազմակերպությունում ընդգծում են հավասարակշռված քաղաքականության անհրաժեշտությունը, քանի որ Սենատի առաջարկած միջոցները կարող են ազդել նույնիսկ այնպիսի ավտոհսկաների վրա, ինչպիսին է Mercedes-Benz-ը, որի բաժնետոմսերի գրեթե 20%-ը պատկանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներդրողներին։
Ամերիկյան բիզնեսի մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ մրցակիցները, այդ թվում՝ BYD-ն և Geely-ն ակտիվորեն մեծացնում են արտահանումը դեպի Եվրոպա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա՝ նվազեցնելով տեղական արտադրանքի գները։ Ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ լիակատար արգելքը հստակ ազդանշան կդառնա այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել ազգային տնտեսությունը համաշխարհային շուկայում գերիշխելու փորձերից։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։