Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø  14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,

Ø  Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,

Ø  8 տրանսպորտային միջոց,

Ø  10 իրավաբանական անձանցում մասնակցություն,

Ø  105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

Ø  124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

ՀՀ դատախազություն

Leave a comment