Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի «կենտրոնական առաքելությունը» Իրանի վարչակարգը տապալելն է՝ պնդելով, որ այդ նպատակը «հասանելի է»։

«Վարչակարգն այժմ թուլանում է։ Այն երբեք այսքան թույլ չի եղել։ Այն պայքարում է իր գոյատևման համար», – ասել է Նեթանյահուն Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆորումի հետ Ռոշ Հաշանայի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Նա նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումներից հետո Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունները նպաստել են իրանական սպառնալիքի նվազմանը։

«Ես վստահ եմ այս սպառնալիքը մեկընդմիշտ վերացնելու մեր կարողության մեջ, այլ կերպ ասած՝ այս վարչակարգը տապալելու հարցում»,- ասել է Նեթանյահուն ու նշել․ «Դա այն կենտրոնական առաքելությունն է, որը դեռ առջևում է, սակայն այն մոտ է։ Դա անհնարին չէ։ Այն մեր հասանելիության սահմաններում է»։

Նեթանյահուի խոսքերը հնչում են  այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Իսրայել Կացը ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, զինվորականները կթիրախավորեն ռեժիմի բոլոր ենթակառուցվածքները, «ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները»։

Կացն արձագանքել էր Reuters-ի հաղորդմանը, ըստ որի՝ Իրանը ԱՄՆ-ին զգուշացրել է, որ կոշտ պատասխան կտա Լիբանանի հարավում՝ Ալի Թահեր լեռնաշղթայի շրջանում իսրայելական հնարավոր հարձակմանը։ Իսրայելական բանակը հայտնել էր, որ այդ հատվածի տակ գտնվող «Հեզբոլլահի» ռազմավարական ստորգետնյա օբյեկտը մաքրվել է՝ քանդման նախապատրաստման նպատակով։

Իսրայելական Channel 12-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ Իրանի «Ղոդս» ուժերն ու ՀԱՄԱՍ-ը ակտիվացրել են արտերկրում իսրայելցիների դեմ հարձակումների նախապատրաստումը։ Մտահոգություն կա, որ նրանք կարող են փորձել օգտվել առաջիկա հրեական տոներից և հոկտեմբերի 7-ի երրորդ տարելիցից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարությունը կարծում է, որ Թեհրանը կարող է փորձել արտերկրում բարձր արձագանք ստացող հարձակում կազմակերպել՝ Իսրայելի դեմ պատասխան գործողությունները տեղափոխելով այլ հարթություն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment