Սիսիան համայնքին է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու ևս մեկ հողամաս (PAN.am)

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը, ինչի արդյունքում վերադարձված հողատարածքների թիվը հասել է 8-ի։

Դատախազության հաղորդագրության համաձայն, Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողատարածքները տարբեր անձանց հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը։

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքի 28/71 հողամաս հասցեում գտնվող 0․05308 հա մակերեսով հողատարածքն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է ֆիզիկական անձի։

Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հունիսի 11-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ։

Ներկայացված միջնորդագրի հիմքով Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0․05308 հա մակերեսով և 997 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Դրանից հետո հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք։ Այնտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքի պայմանագրերով տրամադրվել են 17 անձի։

Դատախազական ներգործության շնորհիվ նշված զբոսայգում գտնվող հողատարածքներից մինչ այժմ Սիսիան համայնքին վերադարձվել է 6 անձի հատկացված՝ ընդհանուր 4103․733 քմ մակերեսով 8 հողատարածք։

Համայնքի տիրապետմանը վերադարձված հողատարածքներն ունեն համապատասխանաբար 0․05308 հա, 0․0450 հա, 0․05 հա, 0․0451 հա, 0․08 հա, 0․02 հա, 0․0402 հա և 0․13 հա մակերեսներ։

Միաժամանակ շարունակվում են 11 անձի տրամադրված ևս 12 հողատարածքները համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները։

Leave a comment