Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ օգնում են Միացյալ Նահանգներին ապահովել, որ Իրանը տնտեսական հետևանքներ կրի առևտրային նավերի ուղղությամբ կրակ բացելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ Վենսին հարցրել են Իրանի մեկուսացմանն ուղղված տնտեսական միջոցների և այն մասին, թե ինչպես կարող են դրանք հաջողություն ունենալ առանց Չինաստանի մասնակցության։ Նա պատասխանել է, որ կարծում է՝ Չինաստանը «պատրաստ է համագործակցել այս հարցում»։

Վենսը նշել է, որ թեև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կարող են լինել տարաձայնություններ, բայց «Չինաստանն այնպիսի երկիր չէ, որը կրակում է առևտրային նավերի ուղղությամբ միայն այն պատճառով, որ միջազգային վեճում չի կարողանում հասնել իր ուզածին»։

Նրա խոսքով՝ Չինաստանը «շատ ավելի պատասխանատու է, քան Իրանը»։

Անդրադառնալով այլ երկրներին՝ Վենսը նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան օգնում են Միացյալ Նահանգներին։

«Եթե նայեք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, եթե նայեք ամբողջ աշխարհին, ապա իրականում բազմաթիվ երկրներ ոչ հրապարակային ձևով շատ օգտակար քայլեր են ձեռնարկում՝ օգնելու մեզ ապահովել, որ իրանցիները տնտեսական հետևանքներ կրեն առևտրային նավերի ուղղությամբ կրակ բացելու համար»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ այդ քայլերի նպատակներից մեկն է Իրանին զրկել այն տնտեսական ռեսուրսներից, որոնք կարող են օգտագործվել միջուկային ծրագիրը վերականգնելու համար, եթե Թեհրանը որոշի դա անել։

«Մինչ այժմ մենք չենք տեսել, որ նրանք փորձեն դա անել»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment