Ատլանտյան օվկիանոսում 26 օր մոլորվելուց հետո Գրան Կանարիա կղզուց 120 կիլոմետր հեռավորության վրա իսպանացի փրկարարները փայտե նավակ են հայտնաբերել, որում գտնվող 128 միգրանտներից ավելի քան 80-ը, այդ թվում՝ կրծքակեր երեխա, զոհվել են։ Փրկվել է ընդամենը 44 մարդ։
Օգոստոսի 7-ին Գամբիայից Կանարյան կղզիներ ուղևորված նավակը նկատել է Իսպանիայի ծովային փրկարար ծառայության ինքնաթիռը։ Դեպքի վայր ժամանած «Guardamar Urania» նավի անձնակազմը հայտնաբերել է, որ ողջ մնացածները ծայրահեղ ծանր վիճակում են․ շատերը ջրազրկված էին, կորցրել էին գիտակցությունը կամ զգայլուքներ ունեին ծովի ջուր խմելու պատճառով։
«Նրանք իսկական կենդանի մեռյալներ էին, ընկնում էին ու չէին կարողանում ոտքի վրա կանգնել»,- պատմել է փրկարարներից մեկը։
Փրկվածներից երեքին ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց, իսկ ծովային բարդ պայմանների պատճառով փրկարարները ստիպված են եղել զոհվածների դիերից հինգը թողնել նավակի վրա՝ առաջնահերթությունը տալով ողջ մնացածներին ափ հասցնելուն։
Ըստ նախնական տվյալների՝ փրկվածները Գամբիայի և Մալիի քաղաքացի տղամարդիկ են։