ԿԿՀ-ն կարծում է՝ կա խախտում, բայց լիազորությունը պետք է դադարեցվի, թե՞ ոչ, դա հանձնաժողովին չի առնչվում. Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին


Այն հանգամանքը, որ ես այստեղ հարակից զեկուցող եմ, մեր կառույցին քաղաքական քննարկումների ներքաշելու վտանգ է ներկայացնում, ու կարծում էինք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այստեղ չպիտի լինի որպես հարակից զեկուցող: Այդ մասին Ազգային ժողովում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:


«Մենք, այո՛, մասնագիտական տեսանկյունից կարծում ենք՝ առկա է խախտում, բայց թե արդյոք խախտումի հիման վրա պիտի լիազորություն դադարեցվի կամ չդադարեցվի, դա հանձնաժողովին չի առնչվում, և այդտեղ մենք չենք կարող լինել շահագրգիռ անձ:


Բայց քանի որ որոշում է կայացվել, և «ԱԺ կանոնակարգից» էլ բխում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պիտի լինի հարակից զեկուցող, մենք ներկայացել ենք»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի մասնագիտական ուղուն, ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ասաց. «Ես նույնիսկ վատ եմ զգում, որ եկել ենք այստեղ՝ այս նախագիծը ներկայացնելու, բայց հանձնաժողովն ունի մասնագիտական կարծիք, ու  հանձնաժողովն է այն մարմինը, որը պետք է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոններն արձանագրի:


Այստեղ որևէ կերպ ավանդը կամ անձի ներդրած ջանքերն ու մասնագիտական ճանապարհը քննարկման առարկա չեն կարող դառնալ, չգիտեմ՝ ցավոք սրտի՞, թե՞ բարեբախտաբար, բայց ամեն դեպքում նորմն այդպիսին է»:


Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվի Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: 

Leave a comment