Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես սրտի օլիգարխ չունեմ»,- Փաշինյանն այսօր այսպես արձագանքեց գործարար Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հարցին։

Դեռևս 2022 թվականի նոյեմբերի 11-ին Փաշինյանը մասնակցել էր այդ ժամանակ նորահայտ գործարարի համակցված կերերի գործարանի բացման արարողությանը, իսկ 2024-ին «Գոլդեն փելիս»-ի բացմանը, որը գնել է նույն Նալբանդյանը և վերանվանել «Eighty Eight Hotel & Spa»։ Այնինչ վարչապետն այսօր հայտարարեց՝ Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է իրեն ու իր ընտանիքին։

«Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Եվ եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց՝ մասնակցել է շատ գործարանների, այդ թվում՝ Ծառուկյանի գործարանի բացմանը, սակայն տարակուսեց՝ ինչո՞ւ Նարեկ Նալբանդյանը չի հերքում մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն ինքը կապ ունի վարչապետի ընտանիքի՝ մասնավորապես Աննա Հակոբյանի հետ։

«Եվ սա մեզ ներվայնացնում ա ահավոր ձևի։ Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ՝ որպես ֆորմալ կամ ոչ ֆորմալ փայ։ Եվ ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին. ով կփորձի՝ աչքով տալով, չգիտեմ ինչ անելով, լռությամբ տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան, ահավոր դաժան արձագանք է լինելու, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի տարակուսանքն անտեղի էր․ 2025-ի դեկտեմբերի 4-ին Նալբանդյանի «88» սուպերմարկետը հերքել էր կապը Աննա Հակոբյանի հետ։

««88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյաի կամ նրանց ընտանիքի անդամների հետ»։

Այսօր Փաշինյանի հայտարարություններից հետո Նալբանդյանի 88 սուպերմարկետների ցանցը նոր հերքում տարածեց։

«Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղակական ուժի հետ»,- հայտարարել է Նալբանդյանը։

Այս տարվա ապրիլին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ գործարարին առնչվող քրեական վարույթ է քննվում փողերի լվացման հատկանիշներով։ Այսօր էլ հայտնեցին՝ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ։ Թե ինչ հոդվածով՝ չեն մանրամասնում։ Նախորդ տարի ՊԵԿ-ը «Մեղրաձոր գոլդ» ընկերությունում արձանագրել էր 20 չգրանցված աշխատող, արդյունքում ընկերությունը տուգանվել էր 5 մլն դրամով։ Այս ընկերության 33 %-ի բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է։ Այս տարվա հունիսին էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունն էր ստուգումներ իրականացրել «88» սուպերմարկետում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment