Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ մտահոգված է հայ-ռուսական հարաբերությունների դեգրադացիայով և նշել, որ Հայաստանին և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը կանգնեցնում են կողմնորոշվելու ընտրության առաջ։ Նա Նիկոլ Փաշինյանին բնութագրել է որպես «օպորտունիստ քաղաքական գործիչ», որը կարող է վաղը դառնալ «ամենապրոռուս գործիչը»։ Խաչատրյանը նաև կասկածի տակ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տնտեսական հիմնավորումները և կառավարության ներկայացրած տվյալներն առ այն, որ իշխանությանը հաջողվել է կառավարել Ռուսաստանի սահմանափակումների հետևանքները։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը դեմ չի լինի ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, եթե Ռուսաստանը ցանկանա, Արթուր Խաչատրյանը նշեց.

«Մենք մտահոգված ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների այս դեգրադացիայով։ Սա մեր հիմնական մտահոգությունն է, և մենք դեռևս 21 թվականից ասում էինք, որ Փաշինյանի քաղաքականությունը բերելու է նրան, որ «և-և» հարաբերություններին կարող է փոխարինել «կամ-կամ» հարաբերությունները, և առնվազն հյուսիսը և արևմուտքը կարող է Հայաստանին երկընտրանքի առաջ կանգնեցնել՝ կողմնորոշվի՛ր։ Եվ սա մեր պայմաններում, հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ընդգծված հակահայկական, թշնամական քաղաքականությունը, դա բավականին խնդրահարույց է»։

Խաչատրյանի կարծիքով, Հայաստանին ընտրության առաջ են կանգնեցնում բոլոր կողմերը. «Ես կարծում եմ, Հայաստանին երկու կողմն էլ, եթե ոչ երեքը, ընտրության առաջ են կանգնեցնում։ Առնվազն Ռուսաստանը և Արևմուտքը Հայաստանին ընտրության առաջ են կանգնեցնում»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հակառուսական գործիչ է, որը մտածված սրում է հարաբերությունները, «Հայաստան» խմբակցության քարտուղարը հակադարձեց.

«Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ օպորտունիստ քաղաքական գործիչ։ Այսօր ինքը հնարավորությունը տեսնում է արևմուտքի հետ սերտացման պայմաններում և դրա համար վարում է քաղաքականություն, որը հաճո է առնվազն Եվրոպական միությանը։ Վաղը, եթե իրավիճակը փոխվի, ես ձեզ վստահեցնում եմ, ինքը կդառնա աշխարհի ամենապրոռուս քաղական գործիչը»։

Արթուր Խաչատրյանը մեկնաբանեց նաև նախկին իշխանությունների օրոք ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ մեղադրանքները՝ ընդգծելով դրանց պատմական համատեքստը։

«Այդ հինգ ձեռնարկությունները, որոնք չէին գործում, դրանք Սովետական Միության ժամանակվանից միութենական արժեշղթաների մեջ ինտեգրված կառույցներ էին։ Իրենք որպես առանձին շենքեր էին, իրենց արժեքը ինտեգրվածությունն էր միութենական արժեշղթաների մեջ։ Հայաստանն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից կուտակված պարտք։ Այդ պարտքը պետք է տաս։ Չտալը շատ ավելի լուրջ քաղաքական կախվածություն է առաջացնում»։

Նա նշեց, որ ի տարբերություն վաուչերային սեփականաշնորհման, երբ ձեռնարկությունները վաճառվում էին «կոպեկներով», այս գործարքով Հայաստանը մարել է իր պարտքի մի մասը։

Խաչատրյանը կասկած հայտնեց կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործելիության վերաբերյալ։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ կառուցում են ավելի կարճ և իրենց համար շահավետ երթուղիներ, ինչը Հայաստանի տարածքով անցնող ճանապարահատվածները դարձնում է ոչ մրցունակ։

«Եթե կա ավելի կարճ ճանապարհ Նախիջևանից՝ Արալիկ, Իգդիր, Կարս, ո՞ր ախմախը ներդրում կանի։ Այդ ցնդաբանությամբ, թե կլինեն ներդրողներ, որոնք եղած ճանապարհը թողած՝ նոր, ավելի երկար ճանապարհի վրա ներդրում կկատարեն, և դեռ այդ ցնդաբանությունն էլ ավելացնում ես, որ պետք է այդ 8 կիլոմետրի վրա նոր ճանապարհ կառուցել, որ Ղազախից գնացքը գա մտնի Իջևան, գա հասնի Ֆիոլետովո, բարձրանա Գյումրի, Գյումրիից գնա հասնի Կարս… դա ծիծաղելի է»։

Պատգամավորը չի հավատում կառավարության ներկայացրած թվերին, թե իբր գյուղմթերքի արտահանման ծավալները Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից գրեթե չեն տուժել։

«Վատ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսական բերքն այս տարի ավելի վատ է, քան եղել է անցյալ տարի։ Դա ուղղակի ընդունի՛ր որպես փաստ։ Ծաղիկների արտահանումը փակ է, կաթնամթերքինը փակ է, ձկնամթերքինը փակ է։ Հայաստանը փորձ արեց շրջանցել ռուսական սանկցիաները՝ Բելառուսի միջոցով արտահանել, դա փակվեց, Իրանի միջոցով արտահանել, դա փակվեց։ Հիմա թող ինձ ասեն՝ այն, ինչ որ պետք է գնա Ռուսաստան, ու՞ր է գնացել։ Ես իրենց թվերին չեմ հավատում։ Սուտ է, չեմ հավատում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment