Հերթական դատավորն է փորձում հրաժարվել Կաթողիկոսի «գործը» քննելուց

Հերթական դատավորն է փորձում հրաժարվել Կաթողիկոսի «գործը» քննելուց

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի քննության համար։ Այս մասին 24News-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել, պատճառաբանելով, որ նախկինում քննիչ է եղել և կողմնակալության հարց կարող է առաջանալ այս գործի շրջանակներում։ Մյուս դատավորը, ում մակագրվել էր գործը նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանն էր, որը որոշել էր, որ տվյալ գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Փետրվարին կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, որի հետևանքով արգելվել էր նրա ելքը Հայաստանից։

Մերի Մանուկյան

Leave a comment