Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»

«Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կառավարությունը հավանություն է տվել Իրանի հետ արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսում է երկու երկրների տարածքով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակում «Պարզեցված մաքսային միջանցք»-ի շրջանակում։

Մասնավորապես նախատեսվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով կողմերը, մինչ ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը, էլեկտրոնային եղանակով տեղեկություններ են փոխանակելու ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանվող պայմաններին համապատասխան։

 «Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։ Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, և բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան և իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։

Միջանցքի ներդրման հիմնական նպատակը արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, մասնավորապես՝ կողմերի պետությունների մաքսային մարմիններում ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը, պահանջվող փաստաթղթերի կրճատումը, ապրանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և իրականացման ծավալների նվազեցումը, որոնք կհանգեցնեն սահմանին ապրանքների բացթողնման և սպասելաժամանակի էական կրճատմանը։

Նշվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման և գործարկման համատեքստում էական
նշանակություն ունի նաև Մեղրիի սահմանային անցման կետի՝ ներկայումս իրականացվող արդիականացման
գործընթացը՝ անհրաժեշտ շենքային պայմանների, ենթակառուցվածքային հնարավորությունների
և տեխնիկական հագեցվածության ապահովման տեսանկյունից, ուստի «Պարզեցված մաքսային միջանցքի»
լիարժեք ներդրումը հնարավոր կլինի ընթացող շինարարության ավարտից հետո:

Leave a comment