Քոչարյանը՝ Փաշինյանին․ «Սլիվ» անողը հենց ինքն է եղել, դեռևս նախընտրական փուլում

Գույքի բռնագանձման վերաբերյալ օրենք է ընդունվել, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը, ոչ թե երկրի առաջին դեմքը կանգնի և ասի, թե ով ոնց պետք է ապրի, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ատարանի բակում՝ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակցիայի ժամանակ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններին։

Անդրադառնալով Փաշինյանի այն մեղադրանքներին, թե իրավական համակարգի տարբեր աշխատակիցներ նախապես տեղեկություններ են փոխանցել նախատեսվող խուզարկությունների և քննչական գործողությունների մասին՝ Քոչարյանն ասել է, որ «սիլվ արել է հենց ինքը», հայտնում է Panorama.am-ը:

«Սլիվ անողը եղել է ուղիղ ինքը դեռևս նախընտրական փուլում, երբ ասել է՝ սա պետք է նստի, նա պետք է նստի, սրանից պետք է խլել»,-ասել է նա:

Ըստ Քոչարյանի՝ այս ամեն ինչը «տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, ավելի խորացնելու իր գործելաոճի մեջ»։

«Դու ով ես, որ որոշես՝ ով, ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել: Գույքի բռնագանձման վերաբերյալ օրենք է ընդունվել, իսկ համապատասխան գործերով դատական գործընթաց է ընթանում։ Դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում և ասում է՝ ով ոնց պետք է ապրի։ Այնքան ակնհայտ է այս ամենի ոչ իրավական դրսևորումը, բռնապետական դրսևորումները»,-ասել է պատգամավորը:

Օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ունեզրկել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները խուզարկել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, տները։ Լևոն Քոչարյանի երեխաները պաստառ էին պատրաստել, որի վրա գրված էր․ «Բարի գալուստ ԱԱԾ և ՔԿ»: Դրանից հետո Փաշինյանն ասել է, թե իրավապահ համակարգից «սլիվ» է եղել: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Leave a comment