Երրորդ դատավորը ևս չի քննի Վեհափառի գործը. կսպասի Վճռաբեկի որոշմանը
Վեհափառի և վեց եպիսկոպոսի գործը քննել, ըստ էության, չի համաձայնել նաև երրորդ դատավորը՝ պատճառաբանելով, որ այն իր իրավասության ներքո չէ, գրում է Ազատությունը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին առնչվող քրեական վարույթի ընդդատության հարցը լուծելու պահանջով։
«Ազատության»-ը դատարանից հայտնել են, որ դատավորի դիմումի հիմքում Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասն է։
Իրավական այդ նորմի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը, մինչև նախնական դատալսումներ նշանակելը, իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը: Այդ դեպքում՝ վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ: Վճռաբեկ դատարանը կորոշի Երևանի, թե՞ Արմավիր դատարանը կքննի գործը։
Նախորդ երկու դատավորները հրաժարվել էին քննել կաթողիկոսի գործը:
Առաջին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, բացատրության մեջ նշելով, որ 2021-ին դատավորը սովորել է Փաստաբանական ակադեմիայում, որտեղ կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ և փաստաբանի արտոնագիրը իրեն հանձնել է հենց Զոհրաբյանը։ Դատավորը համարել է, որ այդ հանգամանքը կարող է կասկած հարուցել իր անաչառության վերաբերյալ, ուստի ինքնաբացարկ է հայտնել։
Երկրորդ դատավորը՝ Սերժ Ռուշանյանը պնդել է, թե չի խուսափում այս գործը քննելուց, բայց կարծում է՝ ընդդատության խնդիր կա: Ըստ նրա, խնդիրն այն է, որ գործը պետք է քննվի ենթադրյալ հանցանքի կատարման վայրում: Հենց նրա որոշմամբ էլ վարույթը տեղափոխվեց Երևանի դատարան: