Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։


«Այնուամենայնիվ, վերջ ի վերջո և ամենից առաջ այս խնդիրը պետք է լուծեն հակամարտության մեջ ներքաշված երկրները։ Այս մոտեցումը ճիշտ է»,- շեշտել է Կրեմլի ղեկավարը:


Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, ամենից առաջ՝ հատուկ ծառայությունների մակարդակով։


«Թե որքանով են դրանք հանգեցնում հաշտության համաձայնությանը, այժմ դժվար է ասել՝ նկատի ունենալով վերջերս Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունները։ Բայց շփումներն իրոք կան, դրանք շարունակվում են ընթացիկ ռեժիմով»,- ասել է Պուտինը:


Նրա խոսքով՝ Մոսկվան շփումներ է պահպանում նաև Վաշինգտոնի հետ: Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տրամադրված կառուցողական աշխատանքի:

Դաշնության նախագահը նաև վստահեցրել է, որ այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում: Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։

Դիտումների քանակ4

Leave a comment