Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին Փաշինյանը հաջողություն է մաղթել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման, ինչպես նաև տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ուղղություններով կապերի խորացման ու ընդլայնման փաստը։
Օլիվիե Դըկոտինյին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ աջակցության, համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման արդյունքում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Leave a comment