ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաներն այցելել են TRIPP երթուղու տարածք, մասնակցել հանրային հանդիպումներին

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը և ամերիկացի այլ պաշտոնյաներ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ այցելել են Սյունիք, TRIPP երթուղու տարածք, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Այցի նպատակն է եղել տեղի համայնքների հետ քննարկել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP ծրագիրը և դրա հնարավորությունները՝ Հայաստանի ու տարածաշրջանի համար փոխկապակցվածությունն ամրապնդելու և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

Այցի ընթացքում Դեյվիդ Ալենը, Ջոն Ասքոնասը և Հայաստանի արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, AECOM ինժեներական ընկերության գործընկերների ուղեկցությամբ, մասնակցել են Գորիսում, Մեղրիում և Կապանում կազմակերպված հանրային հանդիպումներին։

Քննարկումներին մասնակցել են պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական կազմակերպությունների, տեղի համայնքների, գործարար շրջանակների և միջազգային զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։ Մասնակիցները հայ և ամերիկացի պաշտոնյաներից տեղեկություններ են ստացել TRIPP-ի իրականացման ընթացքի և ներկայում կատարվող տեխնիկատնտեսական աշխատանքների վերաբերյալ, բարձրացրել իրենց հուզող հարցերն ու ներկայացրել դիրքորոշումները։

Ալենն ընդգծել է, որ TRIPP-ն արդեն տեսլականից անցել է իրականացման փուլ, իսկ Հայաստանում մեկնարկել են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների աներեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը։

Հավատարմատարը նաև կարևորել է ծրագրի տնտեսական ներուժը։ Նրա գնահատմամբ՝ TRIPP-ը կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը և փոխկապակցվածության բարելավմանը՝ շոշափելի տնտեսական օգուտներ ապահովելով Հայաստանի համայնքների, հատկապես Սյունիքի համար։

Սյունիք կատարած այցի ընթացքում պաշտոնյաները հանդիպել են նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Կապանի «Ամերիկյան անկյունում» ստորագրված փոխըմբռնման հուշագրով ամերիկյան կողմը վերահաստատել է ԱՄՆ դեսպանատան և Սյունիքի մարզային գրադարանի միջև գործընկերությունը։

Հանդիպումները հնարավորություն են տվել նաև լսելու տեղի պաշտոնյաների ու բնակիչների մոտեցումներն ու դիրքորոշումները և քննարկելու Սյունիքի դերակատարությունը տարածաշրջանային փոխկապակցվածության հետագա ընդլայնման հարցում։

Նշվում է, որ TRIPP-ը նախատեսված է որպես բազմամոդալ տարանցիկ երթուղի, որի միջոցով արդիականացվելու են երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները։ Ծրագիրը նպատակ ունի նաև ամրապնդել Հայաստանի կապերը տարածաշրջանային ու միջազգային շուկաների հետ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա։

Երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են։

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն հրապարակել են TRIPP-ի իրականացման շրջանակը և համաձայնության են եկել ստեղծելու TRIPP զարգացման ընկերությունը՝ որպես հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Այն նպատակ ունի աջակցել առևտրին, փոխադրումներին և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով միջազգային, միջպետական ու ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը։

Leave a comment