Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների ձևավորման ճանապարհին առաջին գործնական արդյունքն է արձանագրվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ հայկական և ադրբեջանական ընկերությունների միջև առաջին առևտրային գործարքն արդեն կայացել է։
Անդրադառնալով արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ առաջիկայում առևտուրը երկկողմ բնույթ է ստանալու, իսկ ադրբեջանական ընկերություններն արդեն ապրանք են գնել հայկական ընկերություններից, վարչապետը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործարքն արդեն փաստացի կայացել է, և համապատասխան պայմանագիրը գոյություն ունի, սակայն Կառավարությունը չի միջամտում մասնավոր ընկերությունների միջև պայմանավորվածությունների մանրամասներին, հայտնում է Factor.am-ը:
«Առաջին գործարքը արդեն տեղի է ունեցել, բայց ես կնախընտրեի, որ այդ գործարքը մինչև վերջին կետն ավարտվեր, և նոր, կարծում եմ, ընկերությունները իրենք դրա մասին կհայտարարեն։ Դա կառավարության հայտարարության տիրույթում չէ. մենք այդ մանրամասնությամբ նման գործարքներ չենք քննարկում»,- ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրի հիմնական խնդիրը համապատասխան քաղաքական միջավայրի ձևավորումն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի գործարար շրջանակները հնարավորություն ունենան անմիջականորեն համագործակցել և գնահատել փոխադարձ տնտեսական հետաքրքրությունները։
Վարչապետը նաև հայտնել է, որ գործարար կանոնակարգերով նախատեսված ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո ընկերություններն իրենք հանրությանը կներկայացնեն անհրաժեշտ տեղեկությունները։
«Կոնկրետ պայմանագիր էլ կա, գործարք էլ կա։ Իմ կարծիքով՝ փաստն արդեն կայացած է, բայց թող ընկերություններն իրենց ներքին պրոցեդուրաներն ավարտեն… Դրա մասին տեղեկատվություն կլինի, բայց ես գիտեմ, որ արդեն կա գործարք»,-նշել է նա։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ ՀՀ և Ադրբեջանի առևտուրը կարծես միակողմանի է՝ միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։
Ադրբեջանից Հայաստան հերթական մատակարարումն է իրականացվել՝ Բալաջարի կայարանից ուղարկվել է դիզվառելիքով բեռնված 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով: