Մինչև 300 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ ՀՀ տարածքում երկաթուղու վերանորոգման և արդիականացման համար․ Եղոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 200-300 մլն դոլարի ներդրում։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Այդ մի քանի կիլոմետր երկաթուղին պետք է հնարավորինս արագ վերականգնվի, որպեսզի կարողանանք աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին ու հարավին ենթակառուցվածք առաջարկել ապրանքափոխադրումների համար»,– ասաց պատգամավորը։
Եղոյանը նշեց, որ վերակառուցման կարիք ունեն Երասխի 2–3 կիլոմետրանոց բացակայող հատվածը և Ախուրիկի ավելի կարճ հատվածը։ Բացի այդ, նախատեսվում է արդիականացնել շուրջ 100-ից ավելի կիլոմետրանոց գործող երկաթուղային հատվածը։
Նրա խոսքով՝ արագության բարձրացման նպատակով հնարավոր է ռելսերի տակ տեղադրված փայտյա հենակները փոխարինել բետոններով։
«Այդ ամենի համար անհրաժեշտ է մոտավորապես 200-ից 300 միլիոն դոլար»,-ասաց Եղոյանը։