Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների հաստատման ճանապարհին արձանագրվել է առաջին գործնական քայլը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հայկական և ադրբեջանական ընկերությունների միջև առաջին առևտրային գործարքն արդեն տեղի է ունեցել։
Արձագանքելով արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե առաջիկայում առևտուրը կդառնա երկկողմանի, և ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք են գնել, վարչապետը պարզաբանեց գործընթացի մանրամասները։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ թեև գործարքն ու համապատասխան պայմանագիրն արդեն փաստացի գոյություն ունեն, Կառավարությունը չի միջամտում դրանց մասնավոր դետալներին։
«Առաջին գործարքը արդեն տեղի է ունեցել, բայց ես կնախընտրեի, որ այդ գործարքը մինչև վերջին կետը ավարտվեր, և նոր, կարծում եմ, ընկերությունները իրենք դրա մասին կհայտարարեն։ Դա Կառավարության հայտարարության տիրույթում չէ. մենք այդ մանրամասնությամբ նման գործարքներ չենք քննարկում»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ գործադիրի հիմնական առաքելությունը համապատասխան քաղաքական միջավայր ձևավորելն է, որպեսզի երկու երկրների գործարար համայնքները կարողանան ուղիղ աշխատել միմյանց հետ և գնահատել փոխադարձ տնտեսական հետաքրքրությունները։
Վարչապետը հայտնեց, որ գործարար կանոնակարգերին համապատասխան ներքին պրոցեդուրաներն ավարտելուց հետո ընկերություններն իրենք հանրությանը կներկայացնեն անհրաժեշտ տեղեկատվությունը։
«Կոնկրետ պայմանագիր էլ կա, գործարք էլ կա։ Իմ կարծիքով՝ փաստն արդեն կայացած է, բայց թող ընկերություններն իրենց ներքին պրոցեդուրաներն ավարտեն… Դրա մասին տեղեկատվություն կլինի, բայց ես գիտեմ, որ արդեն կա գործարք»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան