Հրայր սարկավագն Արցախում ապրելու համար զոհեց նաև իր անձնական ընտանիքը. Բագրատ Սրբազան

Հրայր սարկավագն Արցախում ապրելու համար զոհեց նաև իր անձնական ընտանիքը. Բագրատ Սրբազան

Այսօր Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել։

«Այսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է:

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն այժմ, ցավոք, վերացված է թշնամու կողմից:

Հրայր սարկավագի ողջ կյանքը կապված է եղել Արցախ աշխարհի և իր պայքարի հետ դեռ պատանեկան տարիքից, երբ իր հայրը, պատերազմը հաղթած լինելով, որոշեց ընտանյոք տեղափոխվել Արցախ:

Հրայր սարկավագն Արցախում ապրելու համար զոհեց նաև իր անձնական ընտանիքը և ամեն բան, որ կարող էր վերաբերել իր անձնականին:

Նա առաջին իսկ օրվանից լծված է եղել մեր պայքարին իր խնամքով և հոգածությամբ, նաև խոշտանգվել ոստիկանների կողմից, մնացել ռումբերի տակ և վիրավորում ստացել: Աստված և Հայրենիք, ահա Հրայր սարկավագի հավատամքը:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Հրայր սարկավագ: Աստված օրհնի քեզ և ընտանիքդ: Փառք Աստծուն քո ծննդյան համար և շնորհակալություն ծնողներիդ:

Ինչպես բոլորին, քեզ համար էլ աղոթքով ասում եմ՝ երանի մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայրենիքում, որովհետև Հաղթանակն այլընտրանք չունի…»,- ասվում է ուղերձում։

Leave a comment