Սիմոնյան․ Չեմ բացառում, որ կգնամ Ադրբեջան, բայց ժամկետ չեմ կարող նշել (PAN.am)

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Բիշքեկում կայացած հանդիպման օրակարգի առանցքային թեման եղել է խաղաղության խորացումը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սիմոնյանը:

Նա չի բացառել նաև Ադրբեջան մեկնելու հնարավորությունը։ Նման հանդիպում ավելի վաղ նախատեսված է եղել այն ժամանակ, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Չեմ բացառում, որ նման այց կանեմ, որևիցե ժամկետ բայց չեմ կարող ասել»,- նշել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ Հաջիևի հետ հանդիպման ընթացքում երկու կողմերը պայմանավորվել են նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի մինչ այժմ լուծում չստացած հարցերը հնարավոր լինի կարգավորել։

«Ես ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անում է ու անելու է»,- ասել է Սիմոնյանը։

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:

Հունիսի 14-ին Դիլիջանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Կողմերը նույնաբովանդակ տեքստ էին տարածել, ըստ որի «բանակցությունների ընթացքում քննարկել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծել են երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը»։

Leave a comment