ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար

Հասարակություն

03.09.2026 | 13:15

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օսթին քաղաքի դաշնային դատարանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամսվա ազատազրկման՝ Հայաստանով ԱՄՆ-ից Ռուսաստան ապրանքների ապօրինի արտահանման նպատակով հանցավոր դավադրությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Տեխասի Արևմտյան շրջանի դատախազ Ջասթին Սիմոնսը։ Ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլին, Կիրակոսյանն ընդունել էր իր մեղքը դաշնային օրենսդրությունը խախտելու նպատակով դավադրության վերաբերյալ մեղադրանքի մեկ կետով, փոխանցում է The Insider-ը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը Կիրակոսյանը հանդես է եկել որպես ամերիկյան ծագման ապրանքների, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության համար կիրառելի բաղադրիչների կեղծ գնորդ՝ Ռուսաստանում գտնվող իր հանցակիցների համար։ Ինչպես ավելի վաղ պարզել էր TriTrace Investigations հետաքննող բյուրոն, Կիրակոսյանը ռուսական «Вакуум.ру». ԲԲԸ-ի մատակարարն է եղել։ Խոսքը գնումների երեք դրվագների մասին է․

  • 2022 թվականի մարտին՝ Matrix կոմուտացիոն մոդուլի գնում՝ 2316 դոլարով, որն այնուհետև 3290 դոլարով ուղարկվել է Ռուսաստան։
  • 2023 թվականի մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ արդեն «Վակուում» ընկերությանը ԱՄՆ ֆինանսների նախարարության SDN պատժամիջոցների ցանկում ընդգրկելուց հետո (2023 թվականի փետրվարի 23-ին), փոշեպատման համար նախատեսված թիրախների ձեռքբերում՝ 1870 դոլարով, որոնք պատվիրատուին վերավաճառվել են մոտ 3050 դոլարով։
  • LSC-4000 մաքրման համակարգը գնելու անհաջող փորձ։ Համակարգը կարող է կիրառվել կիսահաղորդիչների արտադրության մեջ։

Կիրակոսյանը երկու հաջողված մատակարարումների համար ստացել է  ավելի քան 2000 դոլար։

Կիրակոսյանը ներկայացել է որպես Հայաստանից ամերիկյան ընկերություններին գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ TriTrace Investigations-ի տվյալներով՝ գործով երկրորդ մեղադրյալը «Վակուումի» փաստացի գործադիր տնօրենն է, ենթադրաբար՝ Սերգեյ Ռոզանովը, որը համակարգել է գնումները և պատժամիջոցներից խուսափելու սխեման։ Ընկերության մյուս աշխատակիցներ՝ Ելենա Լարիոնովան և Կոնստանտին Օրլովը, ևս նշվել են, բայց նրանց դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Նշվում է, որ Կիրակոսյանը ձերբակալվել է Գերմանիայում 2024 թվականի հուլիսին և 2025 թվականի օգոստոսին արտահանձնվել ԱՄՆ-ին՝ ԱՄՆ արդարադատության նախարարության միջազգային հարաբերությունների գրասենյակի և ՀԴԲ-ի Բեռլինի ներկայացուցչության աջակցությամբ։ Հետաքննությունն իրականացրել են ՀԴԲ-ի Սան Անտոնիոյի հակահետախուզական օպերատիվ խումբը՝ ԱՄՆ առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի հետ համատեղ։

Կիրակոսյանի դեմ գործը վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացու՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար դատապարտման առաջին դեպքն է։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment