Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը Երևանի որոշելիքն է և երկրի ինքնիշխան իրավունքը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես իրենք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օվերչուկն այդ մասին խոսել է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է Վլադիվոստոկում սեպտեմբերի 1-4-ը։
Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն դա դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։