Պապոյան․ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից (PAN.am)

Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ռուսական շուկայից, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Մենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախարարը հավելել է, որ ռուսական կողմի բարձրացրած խնդիրները շարունակում են քննարկվել ռուս գործընկերների հետ։

«Մենք ոչ թե ասում ենք՝ դրա հետ համաձայն չենք ու ոչ մի բան չենք անելու, այլ բարձրացրած բոլոր հարցերին տալիս ենք լուծումներ»,- ասել է նա։

Պապոյանի խոսքով՝ այս ընթացքում Երևանին հաջողվել է մի շարք ուղղություններով ապահովել արտահանման դիվերսիֆիկացիա։ Նրա գնահատմամբ՝ տնտեսությունը զգալի հարված է ստացել, սակայն ճգնաժամային իրավիճակում չի հայտնվել և առաջին կիսամյակում կարողացել է 6 տոկոս աճ արձանագրել։

«Եթե մենք մի շուկայից կախված մնանք, էական չէ՝ այդ շուկան հյուսիսում է, հարավում, արևելքում, արևմուտքում, միևնույն է՝ մի օր մեզ ցանկացած շուկա փաստի առաջ է կանգնեցելու, որովհետև եթե դու մի տեղից ես կախված, այդ տեղը քեզ կարող է կառավարել»,- նշել է Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև հայտնել է, որ այս պահին Հայաստանից Ռուսաստան կորիզավոր մրգեր և բանջարեղեն չեն արտահանվում, մինչդեռ այլ ապրանքների, օրինակ՝ կոնյակի արտահանումը շարունակվում է։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Սկզբում սահմանափակումները վերաբերել են ձկանն ու ծաղիկներին, այնուհետև՝ միրգ-բանջարեղենի որոշ տեսակների։ Հունիսի 2-ից գերատեսչությունը սահմանափակել է նաև Հայաստանից կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորն» ընդունված որոշումները հիմնավորել է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

Leave a comment