21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով սեռական բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
21 երկրում 12-17 տարեկան շուրջ 20 միլիոն երեխա՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության առնվազն մեկ ձևի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի` սեպտեմբերի 3-ին հրապարակած զեկույցում։
Ըստ նոր զեկույցի՝ բռնության դեպքերի 1 տոկոսից պակասն է հաղորդվել իրավասու մարմիններին, իսկ կեսից ավելին տեղի է ունեցել սոցիալական մեդիայի հարթակներում։
Երեխաների աչքերով․ «Ինչպես են թվային տեխնոլոգիաները նպաստում երեխաների նկատմամբ սեռական բռնությանը» զեկույցը համադրում է երեխաների վկայությունները և հասանելի հարցումների տվյալների ամենածավալուն շտեմարաններից մեկը՝ ահազանգելով երեխաների նկատմամբ սեռական բռնության և ոտնձգության լայն տարածում ունեցող միտման մասին, որը տեխնոլոգիաների միջոցով դրսևորվում է ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում։
Զեկույցի գնահատմամբ՝ ավելի քան 15 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի սեռական բնույթի բովանդակության, 9 միլիոն երեխայի իրենց կամքին հակառակ առաջարկվել է մասնակցել սեռական բնույթի զրույցների կամ կիսվել սեռական բնույթի պատկերներով, իսկ 4 միլիոն երեխայի սեռական բնույթի պատկերները տարածվել են առանց նրանց համաձայնության։ Սակայն խնդրի իրական մասշտաբը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները հաճախ չեն հայտնում իրենց հետ տեղի ունեցածի մասին։
«Զեկույցը բացահայտում է ցավալի իրականություն։ Ուսումնասիրված երկրներում ավելի քան 20 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի բացահայտ սեռական բնույթի բովանդակության կամ առցանց ոտնձգության՝ հաճախ այն թվային միջավայրերում, որտեղ նրանք սովորում են, խաղում և շփվում ընկերների հետ։ Այսպիսի փորձառությունները խորապես ազդում են երեխաների հուզական և հոգեկան բարեկեցության վրա։ Շատ երեխաներ լուռ են տանջվում՝ չիմանալով, թե ում դիմել օգնության համար։ Մենք չենք կարող աչք փակել այս խնդրի վրա», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։