Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղաքականություն

03.09.2026 | 11:44

Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր մենք փաստացի ապրում ենք խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Բաքվում «Քաղաքների վերականգնման համար հումանիտար ականազերծում. անվտանգ բնակավայրերի համար գերազանցության չափանիշների սահմանում» թեմայով ականազերծման IV միջազգային համաժողովի ընթացքում։

Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտներում իրականացվող նախագծերը։

«Միևնույն ժամանակ մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք հայացքն ուղղեն դեպի այլ ապագա։ Սա իսկապես պատմական հնարավորություն է։ Խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով։ Խաղաղությունը պետք է տեսանելի և շոշափելի դառնա տեղում՝ մարդկանց առօրյա կյանքում։ Իսկ Ադրբեջանում խաղաղությունը շոշափելի դարձնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը հենց գետնի տակ է գտնվում։ 2020 թվականի վերջերից ի վեր Ադրբեջանում ականների զոհ է դարձել 437 մարդ՝ կա՛մ զոհվել են, կա՛մ վիրավորվել»,- նշել է Էլչին Ամիրբեկովը։

Ըստ նրա դա հասարակությանը հիշեցնում է, թե պատերազմը դեռ ամբողջությամբ չի մնացել անցյալում, և դա անխուսափելիորեն բացասաբար է ազդում կարգավորման գործընթացի նկատմամբ հասարակական վստահության վրա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment