48-ամյա տղամարդը դստերը սպանելու սպառնալիքներ է հնչեցրել. նա ձերբակալվել է Երևանի սրճարաններից մեկում (ՎԻԴԵՈ)

Օտարերկրացի մի կին ահազանգել է, թե ընկերուհու հայրը արտասահմանից վերադառնալուց հետո դստերը սպառնացել է սպանել. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 7-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին այն մասին, որ օտարերկրացի մի կին ահազանգել է՝ ընկերուհու հայրը արտասահմանից վերադառնալուց հետո դստերը սպառնացել է սպանել և, նրա խոսքով, առևանգել է նրան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


Ոստիկանության անհետաձգելի միջոցառումներով օպերատիվ կերպով պարզվել է երիտասարդ կնոջ գտնվելու վայրը։


Համայնքային ոստիկան Կարեն Քարամյանի փոխանցմամբ՝ ահազանգը ստանալուն պես ծառայողները մեկնել են առևտրի կենտրոն, որտեղ հանդիպել են երիտասարդ կնոջը։ Վերջինս հայտնել է, որ հայրը սպառնացել է սպանել իրեն։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է նաև տղամարդու գտնվելու վայրը․ ըստ ոստիկանության՝ 48-ամյա տղամարդը այդ պահին եղել է Երևանի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկանները մեկնել են նշված հասցե և նրան հայտնաբերել տեղում։


Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանությունը նշում է, որ արագ ահազանգման և օպերատիվ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել կանխել դեպքի հնարավոր հետագա վտանգավոր զարգացումները՝ հաշվի առնելով նախկինում արձանագրված նմանատիպ ողբերգական դեպքերի փորձը։




Leave a comment