Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներն արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի մասը` ընթացքում ստանում է լուծում։
Տեսակցության ժամանակ քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վերջինիս պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:
Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները։
Նշվում է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը:
Նշված հարցերի հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից:
Պաշտպանն ընդգծել է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` նշված գործով պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այդ ընթացքում լիարժեք երաշխավորվեն անձի իրավունքները:
«Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ դրա հրապարակումից անմիջապես հետո սկսել է հարցի քննարկման ընթացակարգ։ Հարցի հետ կապված հիմնական հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ։
Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ ԱԱԾ-ականները նրան անկողնուց են հանում և տեղափոխում պատգարակի վրա: Դատական նիստի ժամանակ նա պատգարակով է եղել: