Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար

Երևանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը։ Factor.am-ը տեղեկանում է, որ մրցաշարի կազմակերպման համար պետությունը 25 միլիոն 70 հազար դրամ կհատկացնի՝ բյուջետային միջոցների վերաբաշխմամբ։

Գումարը նախատեսվում է հատկացնել «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի շրջանակում։ Ըստ նախագծի՝ անհրաժեշտ միջոցները ձևավորվում են այլ ուղղություններում առաջացած տնտեսումների հաշվին։

Մասնավորապես, 6 միլիոն 586 հազար 800 դրամ տնտեսվում է մարզահագուստի համար նախատեսված միջոցներից, ևս 18 միլիոն 483 հազար 200 դրամ՝ խոշոր մրցաշարերի միջոցառումից։ Այդ գումարից 2 միլիոն 524 հազարը տնտեսվել է «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» ՀԿ-ի, իսկ 15 միլիոն 959 հազար 200 դրամը՝ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ի գծով։

Փաստաթղթերում նշվում է, որ միջոցառման արդյունքում նախատեսվում է ապահովել մեկ լրացուցիչ միջազգային միջոցառում և 181 մասնակիցների ներկայություն։

Մրցաշարին կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ։ Նախագծում նշվում է, որ կառավարության համար միջազգային այս միջոցառումների անցկացումը նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացման գործիք է և հատկապես կարևորվում է վերջին տարիների մարզական արդյունքների ֆոնին։ 2024 թվականին Եվրոպայի չեմպիոններ են դարձել Արսեն Հարությունյանն ու Արման Անդրասյանը, իսկ 2025 թվականին Մ23 և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում հաղթել են Լևիկ Միքայելյանն ու Սարգիս Բեգոյանը։

Հայաստանում մրցաշարն անցկացնելու առաջարկը ներկայացրել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։ Սա, ըստ ներկայացված հիմնավորման, վկայում է հայկական կողմի կազմակերպչական կարողությունների և միջազգային վստահության մասին։

Սակայն մրցաշարի ֆինանսավորման հարցում Ֆինանսների նախարարությունն ունեցել է մի շարք դիտարկումներ։

Նախարարությունը նշել է, որ մրցաշարը նախապես ներառված չի եղել միջնաժամկետ ծախսերի ծրագրի բյուջետային հայտում։ Գերատեսչությունը նաև առաջարկել է տնտեսված միջոցներն ուղղել արդեն ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում՝ դրամաշնորհների ԱԱՀ-ի գումարներին և հոբելյանական միջոցառումներին։

Ֆինանսների նախարարությունը նաև ներկայացրել է ֆեդերացիայի ֆինանսավորման փաստացի պատկերը․ նախատեսված 547 միլիոն 700 հազար դրամից փաստացի ֆինանսավորվել է 518 միլիոն 100 հազարը։

Չնայած այս դիտարկումներին՝ մրցաշարի համար անհրաժեշտ 25 միլիոն 70 հազար դրամի վերաբաշխումն առաջարկվել է իրականացնել։

Արփի Հակոբյան

Leave a comment