Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին

Քաղաքականություն

11.02.2026 | 14:13

Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հռոմի պապը տարբեր դավանանքների ադրբեջանական ներկայացուցիչների համատեղ այցը Վատիկան որակել է որպես «խաղաղության և մարդկային եղբայրության մթնոլորտում համակեցության հնարավորության հրաշալի օրինակ»։

Փաշազադեն հրավիրել է Հռոմի պապին այցելել Ադրբեջան 2027 թվականին՝ նշելու Ադրբեջանի և Վատիկանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 35-ամյակը և Հեյդար Ալիևի ու Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի առաջին հանդիպման 30-ամյակը: Այս կապակցությամբ նա Լևոն XIV-ին է հանձնել Ադրբեջանի կրոնական դավանանքների խորհրդատվական խորհրդի անունից հրավերի նամակ:

Հաղորդվում է, թե հանդիպման ընթացքում Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու քահանա եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն խոսել է Ադրբեջանում, իբր, միջկրոնական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, Լեռնային հրեական համայնքի ղեկավար Միլիխ Եվդաևը՝ էթնիկ և կրոնական ներդաշնակության մթնոլորտի մասին, ալբանաուդիական քրիստոնեական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին խոսել է ալբանաուդիական ժառանգության պահպանման մասին, իսկ Բաքվի սեֆարդյան հրեական համայնքի ղեկավար Զամիր Իսաևը՝ հանդուրժողականության մթնոլորտի մասին։

Նշվում է, թե Փաշազադեն նաև տեղեկատվություն է տրամադրել Արցախի տարածքներում, իբր, կրոնական և մշակութային ժառանգության վերականգնման, նաև մզկիթների, եկեղեցիների և տաճարների վերակառուցման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment