Թերթը չի բացառում, որ այս ամբողջ աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է չվերանշանակել Ասատուր Վարդանյանին փոխնախարարի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննարկվում է Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի (ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանի եղբայր. խմբ․) ազատման հարցը։ «Ժողովուրդը» գրում է, որ ուժային կառույցների՝ ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի բախման մեջ առայժմ հաղթում է ՔԿ-ն։ Սակայն թերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ակտիվ քննություն է ընթանում Քննչական կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով: Այդ գործով կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Ռաֆայել Վարդանյանը:
Թերթը նաև չի բացառում, որ բարձրացված աղմուկի ֆոնին կարող է նաև փոխնախարարի պաշտոնում չվերանշանակվել Ռաֆայել Վարդանյանի եղբայրը՝ Ասատուր Վարդանյանը։
Խոսքն օգոստոսի 22-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որից հետո կալանավորվեց ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը և ևս մեկ անձ։ ՔԿ–ից նաև ընդգծել էին, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։