31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները

Քաղաքականություն

02.09.2026 | 23:08

Քրեակատարողական համակարգում բարեփոխումների շրջանակում շարունակվում են ենթակառուցվածքների և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով համակարգում իրականացված աշխատանքները։

Նրա փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, իսկ առաջիկայում դրանց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։ Տեսահսկման համակարգի ընդլայնումը նպատակ ունի բարձրացնել քրեակատարողական հիմնարկներում անվտանգության և վերահսկողության մակարդակը։

Ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել նաև 48 հարմարեցված ավտոմեքենա։

Բարեփոխումների շրջանակում Սևանի, Վանաձորի և Արթիկի քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ուսումնաարտադրական կենտրոններ։ Դրանց միջոցով նախատեսվում է նպաստել ազատությունից զրկված անձանց կրթական և մասնագիտական կարողությունների զարգացմանն ու հետագայում նրանց վերասոցիալականացմանը։

Սրբուհի Գալյանը նշել է, որ քրեակատարողական համակարգի բարեփոխումները շարունակական գործընթաց են, որի նպատակն է ապահովել առավել անվտանգ, արդյունավետ և ժամանակակից պայմաններ։

Leave a comment