Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան փոխանցելու պատճառ չենք տեսնում․ Օվերչուկ
Ռուսաստանը չի տեսնում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան այլ կողմի փոխանցելու անհրաժեշտություն, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ընկերությունը գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Օվերչուկը նշել է, որ վերջին տարիներին թարմացվել է երկաթուղային շարժակազմը, այդ թվում՝ 2020-2021 թվականներին՝ ուղևորատար վագոնները։
«Ընկերությունը շահույթ է ստանում, ուստի մենք կոնցեսիան փոխանցելու պատճառ չենք տեսնում։ Ընկերությունը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղու զարգացմանը»,- ասել է Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
ՌԴ փոխվարչապետը նաև հիշեցրել է, որ հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր կայացրել աջակցել Հայաստանին՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի հետ երկաթուղային կապն ապահովող հատվածների կառուցման հարցում։
«Կարող է ձևավորվել շատ լավ տրանսպորտային կապ, և մենք պատրաստ ենք դա իրականացնել Հայաստանի կառավարության հետ համատեղ»,- նշել է Օվերչուկը։