Արտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում
Արտյոմ Կարապետյանը հայտնել է, որ ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում։
«Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար:
Այս կարճ ժամանակահատվածում արել եմ առավելագույնը՝ քաղաքապետի և քաղաքային իշխանության աշխատանքը օբյյեկտիվորեն և հավուր պատշաճի լուսաբանելու, հետադարձ կապն ապահովելու համար, եղել եմ մաքսիմալ ազնիվ ու փորձել եմ ներդնել հանրային խոսքի ու հաղորդակցության քաղաքակիրթ մշակույթ, ինչին, անկեղծ ասած, շատերը դրական են արձագանքել, անձամբ եմ տեսել ու համոզվել, թե որքան պրոֆեսիոնալ ու սրտացավ է քաղաքապետը՝ այս բարդագույն ոլորտի կառավարման, խնդիրներին արձագանքելու և քաղաքի զարգացմանն ուղղված հավակնոտ ծրագրերն առաջ մղելու հարցում:
Ուրախ եմ, որ ես էլ կարողացա ինչ-որ չափով աջակցել դրան՝ ամենօրյա ռեժիմով բաց պահելով գրեթե շուրջորյա հաղորդակցության հոսուն խողովակները: Առջևում նոր փուլ է, նոր հեռանկար, կարծում եմ՝ կլինեմ այնտեղ, որտող իմ կարիքը կզգան, ես պատրաստ եմ իմ արդեն պատկառելի փորձով մտնել մասնագիտական կենսագրության նոր շրջափուլ»,- գրել է նա: