Գագիկ Խաչատրյանի բարձրացրած խնդիրների մի մասը լուծում է ստանում․ ՄԻՊ

Բաժանորդագրվել

Պաշտպանի աշխատակազմում ՊԵԿ նախկին նախագահի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ժամանակ բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ ներկայացուցիչներն Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ հանդիպելու և զրուցելու Գագիկ Խաչատրյանի հետ։

Նշվում է, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ։

Միաժամանակ ՄԻՊ-ն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:

«Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ-ը հիշեցնում է, որ մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում անդրադարձ է արվել ՔԿՀ-ներում հատուկ կարիքներ ունեցող անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին՝ շեշտելով, որ մշտական խնամքը պետք է իրականացվի հատուկ պատրաստված մասնագետների կողմից:

Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Պաշտպանի գրասենյակից խոստանում են հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը ներկայացնել լրացուցիչ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ փաստաբանական խմբի՝ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։

Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Leave a comment