Օվերչուկ․ ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցման հարցով պաշտոնական դիմում չի եղել (PAN.am)

Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարցը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հարցը, որպես այդպիսին, խորությամբ չի քննարկվել։ Որևէ պաշտոնական հարցում չի եղել»,– լրագրողներին ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Օվերչուկը հավելել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» տոքսիկ են Հայաստանի համար, բայց դա իրականության հետ կապ չունի:

«Փաշինյանը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարում են իրականացնում ռուսական տարածքով՝ տարանցիկ բեռներ, դիցուք՝ Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ սանկցիայի մասին հարցեր չի բարձրացնում, բացի Փաշինյանից», – ասել է նա լրագրողներին։

Հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։

Փետրվարի 13-ին Փաշինյանն առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ 2026–ի օգոստոսի 24-ին ԱԺ–ում վարչապետն ասել է, որ Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Նա նշել էր, որ հայկական երկաթուղին տնօրինելու համար այլ ճանապարհ չգտնելու դեպքում Հայաստանը հարցը կլուծի կառավարության և Ազգային ժողովի միջոցով։

Leave a comment