Եթե ռևանշիստները վերադարձան, ոչ մեկին չեն խնայելու. Լևոն Շիրինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նրանք ընդդիմություն չեն, ռևանշիստներ են, այսինքն՝ վրեժխնդրությամբ հետ վերադարձող ռուսական սեգմենտ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանի կարծիքով՝ ամենամեծ վտանգն այն կլինի, որ եթեՔՊ-ն առաջին տեղն ապահովի, բայց բացարձակ մեծամասնություն չկազմի՝ պառլամենտական ճգնաժամ կլինի, կառավարություն հնարավոր չի լինի կազմել և նոր ընտրություններ կլինեն. «Լուծումը կլինի այն, որ հեղափոխական ուժերը լայն կոալիցիա կազմեն, և այդ դեպքում ռևանշիզմը վտանգ չի ներկայացնի, խոսքը պետականամետ ուժերի մասին է, որոնք ձգտել են, որ վարչապետը լայն թիկունք ունենա հասարակության մեջ»:
Քաղաքագետը նկատեց, որ նախկինները որոշակի ընտրազանգված և ռեսուրս ունեն և կարող են կատաղի կռիվ անել՝ անցյալը հետ բերելու համար. «Ռուսական սեգմենտը, ովքեր օրենտացիա ունեն ռուսական գողապետության հետ կապվածերը կամ ներկայացնողները մի ճամբարում են լինելու և կատաղի գրոհելու են, բոլոր տարաձայնությունները մի կողմ են դնելու, հետո ռազբորկա կանեն, բայց հիմա իրենց առաջ խնդիրը դրված է ՔՊ իշխանությունները տապալել»,-ասաց նա:
Ըստ Լևոն Շիրինյանի, եթե ռևանշիստները վերադարձան, ոչ մեկին չեն խնայելու՝ նույնիսկ նախկին հանրապետականներին. «Երբ վերադառնում են, առաջինն իրենց դավաճանածներին են պատժում, իրենցից հեռացածներին, սա քաղաքական վարքագիծ է, եթե վերադարձան, ոչ մեկի չեն խնայելու»:
Լևոն Շիրինյանը նշեց, որ քաղաքական համախմբում է գնում, և նախկինները իրենք իրենց դեմ դուրս չեն գա. «Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ չանցնեն, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա և հավելեց, որ այս ընտրությունները ոչ մի ընտրության նման չեն լինելու։