Քաղաքականություն
02.09.2026 | 17:49
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) պատրաստվում է ձեռք բերել բնական գազ արտադրող ԱՄՆ Comstock Resources ընկերության Haynesville թերթաքարային ակտիվներում ունեցած բաժնեմասերը: Ըստ Reuters-ի՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ դոլար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պայմանագրի համաձայն՝ SOCAR-ը ձեռք կբերի Comstock-ի Legacy Haynesville հանքավայրի ակտիվների 20 տոկոսը և Western Haynesville ակտիվների 15 տոկոսը։ Բացի այդ, ադրբեջանական ընկերությունը կտիրանա Comstock-ի Pinnacle Gas Services-ի 73 տոկոս բաժնեմասի 15 տոկոսին։
Կողմերը նախատեսում են գործարքն ավարտին հասցնել մինչև 2026 թվականի վերջը։ Comstock-ը մտադիր է ստացված միջոցներն առաջին հերթին ուղղել պարտքի կրճատմանը։ Ընկերության հաշվարկներով՝ գործարքից հետո հունիսի 30-ի դրությամբ 3,1 միլիարդ դոլար կազմող զուտ պարտքը կնվազի մինչև մոտ 1,5 միլիարդ դոլարով։
Ադրբեջանական ընկերությունը հայտնում է, որ SOCAR-ը և ամերիկյան Comstock Resources, Inc. ընկերությունը ստորագրել են մտադրության նամակ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելու համար։Կողմերը նպատակ ունեն վերջնական առքուվաճառքի պայմանագիրը համաձայնեցնել և ստորագրել այս տարվա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ գործարքն ավարտին հասցնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ համապատասխան պայմանների կատարումից հետո, այդ թվում՝ անհրաժեշտ պետական և երրորդ կողմերի հաստատումները ստանալուց հետո։
SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը, մասնավորապես, ասել է․ «Այս գործընկերությունը ամուր հիմք է ստեղծում մեր ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման համար՝ համատեղելով SOCAR-ի և Comstock-ի հարուստ փորձն ու լայն հնարավորությունները։ Մենք ուրախ ենք ներդրումներ կատարել Haynesville և Western Haynesville հանքավայրերի մշակման ոլորտում մեծ փորձ ունեցող թիմի հետ համատեղ և վստահ ենք, որ մեր երկարաժամկետ գործընկերությունը հաջողությամբ կզարգանա»։
«Comstock» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մ. Ջեյ Էլիսոնն էլ նշել է․ «Մենք ուրախ ենք հայտարարել SOCAR-ի հետ մեր ռազմավարական գործընկերության մասին։ Այս գործընկերությունը հնարավորություն կտա ներգրավել հեղինակավոր միջազգային ռազմավարական գործընկեր, ինչը կնպաստի մեր ներդրողների համար արժեքի ստեղծման գործընթացի արագացմանը, միաժամանակ կապահովի պարտքային բեռի զգալի կրճատում և Western Haynesville տարածքի նախատեսվող զարգացման ծրագրի ամբողջական ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ, Comstock-ը կպահպանի օպերատորի գործառույթները և վերահսկողությունը upstream և midstream ակտիվների նկատմամբ, ինչպես նաև մասնակցության բաժնեմասի փուլային նվազեցման մեխանիզմի միջոցով կպահպանի ապագայում արժեք ստեղծելու ներուժը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի