Հայտնի է, երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը (PAN.am)

Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը ներառող ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման հանձնել 2031–2033 թվականներին։ Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Խոսքը Հայաստանի համար խոշոր նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի փոխանցմամբ՝ կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ և ենթակայան դեպի Իրան, ինչպես նաև նույն հզորությամբ ենթակառուցվածք է կառուցվել Վրաստանի ուղղությամբ։

«Մենք 2031–33 թվականներին արդեն երկու գծերն էլ պատրաստ կունենանք շահագործման։ Այսինքն՝ Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան ամբողջական ցանցը՝ որպես միասնական ցանց, պատրաստ կլինի շահագործման»,– ասել է նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքի շահագործումը հնարավորություն է տալու գործող էներգետիկ փոխհոսքերի ծավալներն առնվազն մի քանի անգամ ավելացնել։

«Ինչո՞ւ եմ ասում փոխհոսք․ դա կվերաբերի և՛ ներմուծմանը, և՛ արտահանմանը։ Այդ պահի իրավիճակն արդեն կթելադրի, թե որ տարբերակը կլինի»,– պարզաբանել է նա։

Նրա փոխանցմամբ՝ թե տվյալ ժամանակահատվածում որ ուղղությամբ է իրականացվելու էլեկտրաէներգիայի հոսքը, կախված է լինելու այդ պահին ստեղծված իրավիճակից։

Անդրադառնալով սպառման ավելացմանը, այդ թվում՝ ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր խոշոր սպառողների ի հայտ գալուն, ինչպես նաև այն հարցին, թե Հայաստանը երբ կարող է էլեկտրաէներգիայի դեֆիցիտի բախվել, Աբրահամյանը հայտնել է, որ ներկայում նման խնդիր չկա:

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտին, նման բան գոյություն չունի։ Մենք մեր սպառողների համար ապահովում ենք էլեկտրաէներգիայի կայուն և անխափան մատակարարումներ, և մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան»,– նշել է Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի համար անհասկանալի է մնացել, թե ինչից են առաջացել Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ խոսակցությունները։ Աբրահամյանը նաև հավելել է, որ բացառություն են կազմում սպառման արտառոց պահանջարկի առանձին դեպքերը, որոնց ոլորտային քննարկումների ընթացքում ևս անդրադարձ է եղել։

«Մնացածը ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Որևէ անհանգստանալու բան այս պահին չկա»,– ընդգծել է նա։

Աբրահամյանն անդրադարձել է նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ընթացքին՝ նշելով, որ երկիրը երկար տարիներ զարգացած հիդրոէներգետիկ համակարգ է ունեցել, իսկ վերջին տարիներին արևային էներգետիկ հզորությունները զգալի աճ են գրանցել։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2018 թվականին արևային էներգետիկայի հզորությունը մի քանի տասնյակ մեգավատտի սահմանում է եղել, մինչդեռ ներկայում ցանցին միացված հզորությունը հասել է մոտ 1200 ՄՎտ-ի։

«Մենք մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ կլինի դա արև, թե հիդրո, փորձում ենք զարգացնել հնարավոր առավելագույն չափով, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա մեր համակարգը»,– նշել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերն արդեն հասել են այնպիսի մակարդակի, երբ համակարգի տեխնիկական հնարավորությունները նոր հզորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել։

Պաշտոնյան նաև հայտնել է, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել հողմային էներգետիկան։ Աբրահամյանի խոսքով՝ այդ ուղղությունն ընդգրկվել է երկրի էներգետիկ ռազմավարության մեջ։

«Արդեն իսկ ունենք հողմային էլեկտրակայան կառուցելու նախագիծ Ասիական զարգացման բանկի հետ, առայժմ նախագծման փուլում է»,– ասել է նա։

Միաժամանակ նա հավելել է, որ արդյունաբերական մասշտաբի հողմային կայանների զարգացումը պայմանավորված է երկու կարևոր խնդրի լուծմամբ՝ արևային կայանների մեծ ծավալների ինտեգրման հետևանքով էներգահամակարգում առաջացած խնդիրների կարգավորմամբ և նոր միջպետական էլեկտրահաղորդման ցանցերի պատրաստ լինելով։

«Այս արևային կայանների առաջացրած խնդիրները լուծելուց հետո, ինչպես նաև այս ցանցերի պատրաստ լինելուց հետո արդեն կդիտարկենք արդյունաբերական մասշտաբի հողմային կայաններ ունենալու տարբերակը»,– մանրամասնել է Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանն արդեն վերականգնվող էներգետիկ ներուժն օգտագործում է նույնիսկ փոքր-ինչ ավելի մեծ ծավալով, քան գործող էներգահամակարգի հնարավորություններն առանց լրացուցիչ լուծումների թույլ են տվել։

Աբրահամյանն անդրադարձել է նաև Սև ծովի հատակով նախատեսված էներգետիկ մալուխի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռ ծրագրի խիստ նախնական փուլում հայտնել է դրան մասնակցելու իր պատրաստակամության և հետաքրքրվածության մասին։ Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը որոշակի ներգրավվածություն է ունեցել նաև տեղեկատվության փոխանակման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների փուլում։

«Թե ինչպես կզարգանա ծրագրի ընթացքը, դա էլ հնարավորություն կտա Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»,– ասել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ ներկա փուլում դեռ վաղ է հստակեցնել, թե ինչ ձևաչափով և ինչ ծավալով Հայաստանը կարող է ներգրավվել նախագծում՝ հատկապես տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը հաշվի առնելով։

«Այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,– նշել է պաշտոնյան։

Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագիծը նախատեսում է միացնել Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերը՝ Հարավային Կովկասից Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա փոխանցելու նպատակով։ Նախագիծն իրականացնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան, իսկ Հայաստանը նախկինում հետաքրքրություն է հայտնել դրան մասնակցելու վերաբերյալ։

Leave a comment