ԵՄ-ն կազատականացնի ՀՀ-ից արտահանման մոտ 80%-ը (PAN.am)

ԵՄ Խորհուրդը՝ Coreper II-ի դեսպանների մակարդակով, հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվել է երկու տարի ժամկետով ժամանակավորապես դադարեցնել հայկական ապրանքների լայն շրջանակի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը և ազատականացնել Հայաստանից դեպի ԵՄ արտահանման մոտ 80%-ը, հայտնում է Factor.am-ը:

Արտոնյալ ռեժիմի կիրառումը պայմանավորված է լինելու մի շարք պահանջների կատարմամբ․ Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները, ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր սահմանափակումներ չսահմանի և հարգի ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված հիմնարար սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները։

Առաջարկը դեռևս պետք է պաշտոնական հավանություն ստանա Եվրոպական խորհրդարանի առաջիկա նիստում, որից հետո ԵՄ Խորհուրդը կհաստատի այն։ Այնուհետև կանոնակարգը կընդունվի և ուժի մեջ կմտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Leave a comment