«Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Ա.-ն 2001 թվականի մարտի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր կողմից կազմված հրամաններով, ինչպես իր, այնպես էլ ՀՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների համար սահմանել է դրույքաչափերը գերազանցող աշխատավարձեր։
Ն.Ա.-ի ապօրինի գործողություններով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, մասնավորապես՝ խաթարվել է համայնքի բնականոն գործունեությունը՝ զրկելով նշված դրամական միջոցներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9 մլն 784 հզր 341 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նախաքննության փուլում Ն.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե